Մի արտահայտություն կա լավ հեղինակության մասին, որն ասում է, թե հեղինակությունն այն չէ, ինչի մասին խոսում են, երբ դու սենյակում ես։ Հեղինակությունն այն Է, ինչի մասին խոսում են, երբ դու սենյակից բացակայում ես։ Բավականին պարզ սահմանում է առհասարակ մարդու հեղինակության և մասնավորապես, կորպորատիվ հեղինակության։

Երբ նույն պրոդուկտը վաճառող հազարավոր ընկերություններ կան, պայքարը լավ հեղինակության և սպառողների լոյալության համար չափազանց կարևոր է։ Այլ հարց է, թե արդյո՞ք բոլորս գիտակցում ենք հեղինակության կարևորությունը։ PR-ի ոլորտում ունեցած գրեթե 8 տարվա ինտենսիվ աշխատանքային փորձը թույլ է տալիս ասելու, որ հաճախ այդքան էլ հստակ պատկերացում չկա կորպորատիվ հեղինակության մասին։ Ավելին, չենք պատկերացնում, որ հեռահար պլանավորման տեսանկյունից հեղիակությունը հստակ մարքեթինգային (ի դեպ, մարքեթինգ բառը կախարդական ազդեցություն է թողնում գործարարների վրա 🙂 ) խնդիրներ է լուծում, այլ կերպ ասած, նպաստում է վաճառքների կամ պահանջարկի աճին։ Սակայն ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԴՆԵԼ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ։
Եթե որևէ PR մասնագետ ասի, որ կարճ ժամանակում կբարելավի ձեր հեղինակությունը կամ, առավել ևս, դա ուղղակիորեն կկապի ձեր անհաջող կամ հաջողված լոգոտիպի հետ, ապա դուք գործ ունեք ոչ այդքան լավ մասնագետի հետ։ Հստակեցնեմ․ դիտարկում ենք իրավիճակ, երբ լոգոտիպը և կորպորատիվ ինքնությունն արդեն հաջողված են, քանի որ սրանք, իսկապես, կարևոր բաղադրիչներ են։ Սակայն կորպորատիվ հեղինակությունը լոգոտիպի, գովազդի, մեյլ ռասիլկաների կամ այլ մարքեթինգային գործիքների մասին չէ, ՈՒՍՏԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՄԲ ՉԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։ Հեղինակությունն այն զգացողությունն է, որն ունեն մարդիկ ձեր անունը լսելիս, ձեր աշխատակիցների հետ շփվելիս, գրասենյակ այցելելիս, ձեր մասին հարցազրույց կարդալիս, ձեր լուսանկարները նայելիս։ Ձեր ապրանքին կամ ծառայությանը հասնելու ճանապարհին բոլոր փուլերում մարդիկ պետք է նույն ասոցիացիաններն ունենան, որը ոչ թե պատահականության, այլ հստակ պլանավորման արդյունք Է։ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ։
Կարգախոս, կորպորատիվ խոստում և փիլիսոփայություն

Կորպորատիվ ինքնության կարևոր մասերից մեկը կարգախոսն է կամ այն խոստումը, որ ընկերությունը տալիս է իր սպառողներին ու պատվիրատուներին։ Կարգախոսը ընկերության ինքնաներկայացման ձևն է կամ իր՝ հանրության հետ ծանոթանալու միջոցը։
Հաղորդակցության ոլորտում աշխատող մասնագետներն ամիսներ շարունակ աշխատում են կարգախոսներ ստեղծելու համար։ Պետք է անկեղծ խոստովանեմ, որ կորպորատիվ ինքնության կամ բրենդինգի (ինչպես ուզում ենք անվանեք) գործընթացում աշխատանքի ամենաբարդ մասը բրենդի խոստում և կարգախոս ստեղծելն է։ Այո՛, այո՛, տասնյակ բրենդինգային ընկերություն կա միայն Երևանում, որ զբաղվում է այդ գործով։ Այդ ընկերությունները հաջող աշխատում են վիզուալ ինքնություն ստեղծելու դաշտում կամ պարզ լեզվով ասած՝ լոգո են հորինում ընկերությունների համար: Սակայն շատ քիչ լոգոների կամ վիզուալ ինքնության հիմքում կարելի է տեսնել փիլիսոփայություն, պատմություն կամ կորպորատիվ խոստում։ Ավելին, շատ հաճախ տվյալ լոգոտիպը կամ կարգախոսը ոչ մի կապ չունի իրական ընկերության ոճի ու փիլիսոփայության հետ։
Ի՞նչ է կորպորատիվ խոստումը կամ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Կորպորատիվ գաղափարախոսությունը այն է, ինչին հավատում ես դու և քո թիմը և որով «վարակում ես» մյուսներին։
Էմոցիա
Պետք է հիշել, որ սպառողները կամ պատվիրատուները նախևառաջ մարդիկ են, հետևաբար նրանց գրավելու լավագույն եղանակը էմոցիոնալ ազդեցություն թողնելն է։ Մի՛ ընկալեք Ձեր հանրությանը որպես ամբողջականություն, ընկալեք որպես անհատներ և հիշեք, որ անհատները չափազանց էմոցիոնալ են։ Նույնիսկ ձեր ճանաչած ամենից ոչ էմոցիոնալ մարդն է էմոցիոնալ։ Ուստի մեր խնդիրն է գտնել մարդկանց էմոցիաների վրա ազդելու լավագույն եղանակը։
Պատմություն
Մարդիկ սիրում են պատմություններ, քանի որ դրանց մեջ փնտրում են իրենց կամ իրենց հետ պատահած իրավիճակներ, որևէ խնդրի լուծում, իրենց մտքերի ու գաղափարների հետ նույնական մտքեր։ Մենք բոլորս ենթագիտակցորեն ժխտում ենք այն, ինչը մեզ համար հասկանալի չէ կամ չի համապատասխանում մեր պատկերացումներին։ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՊԱՏՄԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅՆ, ԻՆՉ ՆՐԱՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ։ Եթե շատ ընդհանրացված պատկերի մասին խոսենք, ապա խոստացեք գեղեցկություն, հաջողություն, հաղթանակ և այլն։ Մենք բոլորս շատ մաքսիմալիստ և ռոմանտիկ ենք մենք ցանկություններում։
Եզակիություն
Հիշու՞մ եք այն անհարմար իրավիճակը, երբ հավաքույթի ժամանակ երկու կին նույն զգեստն են հագած լինու՞մ։ Հավատացե՛ք, կյանքն ավելի դաժան չէր կարող լինել այդ կանանց հանդեպ 🙂 Մենք բոլորս ձգտում ենք ունենալ եզակի հագուստ, մեքենա, ինտերիերի դիզայն, ճամփորդել այնպիսի երկրներ, որտեղ ոչ ոք դեռ չի եղել կամ գոնե մեր ընկերները չեն եղել, մաքսիմալ տարբերվել բոլորից և ընդգծել մեր եզակիությունը։ Մտքում ունենալով սա՝ հիշեք, որ ցանկացած գործընկեր ակնկալում է եզակի մոտեցում, միայն իր համար մտածված գաղափարներ ու ծառայություն։
Հաղորդակցություն
Դու կարող ես լինել աշխարհի ամենալավ գրողը, սակայն գրող չես կոչվի, քանի դեռ չես հրապարակել գոնե մեկ գիրք։ Այսօր բազմաթիվ ընկերություններ մոլորություն ունեն մտածելու, որ, միայն լավ կատարելով իրենց աշխատանքը, կարող են արժանանալ մարդկանց ուշադրությանը։ Դա այդպես չէ․ մարդիկ կարիք ունեն հաղորդակցության, ընդ որում, չեն ցանկանում լրացուցիչ ջանք գործադրել դրա համար։ Մարդիկ ցանկանում են տեղեկանալ ձեր ծառայության կամ ապրանքի մասին առանց իրենց կոմֆորտի գոտուց դուրս գալու․ ուզում են ձեզ տեսնել սոցիալական ցանցերում, փողոցում, լսել ձեր մասին ընկերների հետ զրուցելիս, սրճարանում, զբոսնելիս կամ հեռուստացույց դիտելիս։ Այլ կերպ ասած, ձեր մասին տեղեկանալու համար լրացուցիչ ջանք գործադրելու ժամանակ չունեն։ Իսկ դուք մի՛ թերագնահատեք ձեր հանրությանը, նրանք ձեր հաջողության երաշխավորն են։