ԹԵՄԱՏԻԿ ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆԵՐ ՄՈՌԱՑՎԱԾ ԼԵԳԵՆԴԻ ՄԱՍԻՆ

ՀՕՖ Երեխաների Աջակցության Կենտրոն
ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՋԻ ՀԱՄԱՐ

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մտածել ենք կոնցեպտ/ֆորմատ, որի միջոցով ավելի հասանելի կերպով հնարավոր կլինի հանրության որոշ թիրախային խմբերի իրազեկել խնամատարության մասին։ Վերապատմել և ադապտացրել ենք խնամատարության մասին մոռացված ավանդույթի մասին պատմությունը: Արշավի շրջանակում համագործակցել ենք նկարչուհի Ասյա Ղանդիլյանի հետ։

Դարեր առաջ մի փոքրիկ քաղաք կար Հայաստանում, որտեղ ապրում էին մեծ ու փոքր ընտանիքներ՝ իրենց առօրյա հոգսերով, նիստ ու կացով։
Մեծ ընտանիքներում մեկ հարկի տակ ապրում էին պապ ու տատով, զավակներով, թոռներով ու ծոռներով։ Բոլորը միմյանց ճանաչում էին, ապրում հաշտ ու խաղաղ։ Մարդիկ ամեն կիրակի պատարագի էին գնում ու իրենց աղոթքներում Աստծուց բարեգթություն խնդրում:

Համայնքում տարբեր պատճառներով նաև առանց ծնողների երեխաներ կային. պանդխտություն, հիվանդություն, մահ․․․
Այդ երեխաներին իր հարկի տակ էր առել եկեղեցին և հոգ էր տանում նրանց մասին, մխիթարության խոսք ասում։
Մի կիրակի քահանան դիմում է պատարագի եկած ժողովրդին ու ասում․
— Բոլորդ պարկեշտ ու աշխատասեր մարդիկ եք՝ հոգատար ծնողներ ու շնորհակալ զավակներ։ Դուք գիտեք, որ մեր համայնքում կան երեխաներ, ովքեր, դժբախտաբար, զրկվել են ծնողներից և ապաստան գտել եկեղեցում։ Նրանք գնալու այլ տեղ չունեն։ Եկեղեցին հոգ է տանում նրանց մասին՝ կերակրում, որ սոված չմնան, տաք տեղ տրամադրում, որ չմրսեն։ Բայց այս երեխաներին ընտանիք է պետք՝ տուն ու տեղ, ծնողներ, քույր ու եղբայր, ճիշտ այնպես, ինչպես որ, Աստծո օրհնությամբ, ձեր զավակներն ունեն:

Քահանայի խոսքը մեկընդմեջ ընդհատվում էր հավաքվածների բարձրաձայն մտորումներով.
— Խե՜ղճ երեխաներ, ի՜նչ մեղք են, ինչպե՞ս են էս դժվար աշխարհում մենակ ապրելու։
— Ո՞ւմ են պատմելու իրենց դարդն ու ցավը, ումի՞ց են օրինակ վերցնելու։
Քահանան շարունակում է.
— Մենք որոշեցինք առաջարկել մեր քաղաքում հարգանք ու պատիվ վայելող իշխանական մի քանի ընտանիքի այս երեխաների հոգևոր ծնողքը դառնալ։
Լսելով սա՝ եկեղեցում հավաքվածները նախ շփոթվում են, միմյանց նայում, միմյանց ականջի շշնջում.
«Այդ ինչպե՞ս, ճի՞շտ հասկացանք, իսկ դա լա՞վ միտք է, որևէ մեկը համաձայն կլինի՞․․․»

Հանկարծ լսվում է մի մարդու ձայն․
— Տե՛ր հայր, իմ ընտանիքը պատրաստ է ընդունել մեկ երեխայի, և մենք կհոգանք նրա մասին, ինչպես մեր սեփական երեխաների մասին ենք հոգ տանում։
Նա հայացքն ուղղում է կնոջը, ով լուռ, սակայն հպարտությամբ շուրջն էր նայում՝ լսելով ամուսնու խոսքերը։ Նրա լուռ կեցվածքից ակնհայտ երևում էր, որ համաձայն է ամուսնու հետ։ Ամուսինը շարունակում է.
-Ի՞նչ մեղք ունի երեխան, որ միայնակ է մնացել: Երբ երեխային ծնունդ տված ծնողները չկան, մեզանից ամեն մեկի պարտքն է իր ուսերին վերցնել ծնողի դերը: Ժողովուրդն ասում է` մի բաժակ ջուր ավել կլցնեմ ճաշին, հոգ չէ` ինչպես մենք, այնպես էլ այդ երեխան, Աստծով կապրենք: Տղամարդու հանգիստ ու ինքնավստահ խոսքը շատերին է զարմացնում:

Քահանան խորանի մոտ է կանչում այս համարձակ մարդուն և նրա կնոջը։ Կանչում է նաև երեխաներից այն մեկին, ով գրեթե ամեն օր նստում էր եկեղեցու մուտքի մոտ ու երազկոտ հայացքով նայում զավակների հետ պատարագի շտապող ծնողներին։
Քահանան խնդրում է կնոջը և երեխային իրար մոտ կանգնել, ապա նրանց վրա է գցում ճերմակ սավանից կարված մի լայն շապիկ, աղոթում ու եկեղեցու օրհնությունը շնորհում նրանց։ Այնուհետև տղամարդը՝ սուրբ խաչի ներքո, բարձրացնում է շապիկն ու գիրկն առնում երեխային։
Այդ արարողությունից հետո քահանան նրանց կոչում է հոգեծնող և հոգեզավակ, այսինքն՝ մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ ու հավատքի ուժով դարձել են ծնող ու զավակ:

Հաջորդ շաբաթների ու ամիսների ընթացքում քաղաքում այլևս չէին մնացել եկեղեցում ապաստան գտած երեխաներ, քանի որ ամեն կիրակի մի ընտանիք ու մի երեխա միավորվում էին արդեն ընդունված հատուկ եկեղեցական ծեսով՝ դառնալով հոգեծնող և հոգեզավակ։
Հավատացյալների համար պատիվ էր քահանայի կողմից ընտրված լինել որպես հոգեծնող։
Քահանան ամեն պատարագի վերջում Աստծո ողորմությունն ու շնորհներն էր խնդրում այն ծնողների ու ընտանիքների համար, ովքեր հոգեզավակ էին ընդունել իրենց օջախում:

Այս ավանդույթը դարեր շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ։ Քահանան, ով բարեգթություն էր տարածում ժողովրդի մեջ, Ներսես Մեծն էր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնելի սրբերից։ Պատմության էջերում չի պահպանվել այն ընտանիքի անունը, որն առաջինը խնամքի տակ առավ որբացած երեխային։ Սակայն այս ավանդույթի շնորհիվ հարյուրամյակներ շարունակ Հայաստանում չեն եղել առանց ընտանիքի մնացած երեխաներ: Եղել են միայն թեմական դպրոցներ`մանուկներին կրթելու, դաստիարակելու համար:
Թեև բուն արարողակարգը փոփոխությունների է ենթարկվել, ներկայումս այն Հայ առաքելական եկեղեցու հետևորդների շրջանում հայտնի է՝որպես Մկրտության ծես, իսկ հոգեզավակ և հոգեծնող հոլովույթները այսօր էլ կենսունակ են