«Ֆուտուրո» խաղը նախատեսված է 10-16 տարեկան դեռահասների համար: Այն կիրառելի է թե՛ ֆորմալ՝ դպրոցական կրթության համատեքստում «Շրջակա միջավայր» և հարակից առարկաների դասավանդման ընթացքում, թե՛ ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հարթակներում: Խաղի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կայուն զարգացման նպատակներին, հնարավորություն տալ գիտակցելու այդ նպատակները սահմանելու կարևորությունը, ինչպես նաև մոտիվացնելու նրանց իրենց ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում:
Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) հիմքում ընկած մոտեցումը ենթադրում է սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման այնպիսի գլոբալ ռազմավարություն, որի իրագործումը կապահովի կանխատեսելի և կայուն ապագա ողջ մարդկային քաղաքակրթության համար: Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ երկիր, մասնակցում է այդ կառույցի շրջանակներում ծավալվող աշխատանքներին՝ ուղղված ԿԶՆ իրագործմանը: Հենց այս նպատակին է ծառայում նաև ՖՈՒՏՈՒՐՈ խաղը, որը ստեղծվել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից։